AM
4 Փետրվար 2020 - 07:23 AMT

ԱԱԾ. Կեղծ բուժթղթերով զինծառայությունից տարկետման դեպքեր են բացահայտվել

Բժշկական կեղծ փաստաթղթերով զինծառայությունից տարկետում ստանալու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու դեպք է բացահայտվել:

Ըստ Ազգային անվտանգության ստացած տվյալների՝ 2-րդ նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը, իր ծանոթի նախաձեռնությամբ, 2019-ին ընդգրկված լինելով զորակոչիկների բուժհետազոտման, փորձաքննության և բուժման հանձնաժողովում, կաշառքի դիմաց կեղծ բժշկական փաստաթղթեր կազմելու և դրանց հիման վրա զինակոչիկների համար պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում ստանալու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել նշված ծանոթի հետ: Դրանից հետո նրա օժանդակությամբ 2019-ի նոյեմբեր-դեկտեմբերին 4 զորակոչիկի հարազատներից նա ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ $8500-ի կաշառք:

Նշվում է, որ հիշյալ ծանոթը նաև այլ զորակոչիկների համար պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում ստանալու և զինծառայողներին ժամկետային ծառայությունից վաղաժամ զորացրելու նպատակով, վերջիններիս հարազատներից՝ որպես միջնորդ, պատկան մարմիններին կաշառք տալու համար 2019-ին առանձնապես խոշոր չափերի` $45,000 գումար է ստացել:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրգործ կա՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Կաշառք ստացած պաշտոնյան խոստովանել է հանցագործությունը։

Նախաքննությունն ընթանում է, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։