AM
5 Փետրվար 2020 - 06:41 AMT

Արցախում փոքր ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարող Քանանյանը դադարեցրել է հացադուլը

Արցախում փոքր ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարող Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը դադարեցրել է հացադուլը: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քարվաճառում՝ տարածքի կայուն համապարփակ վերաբնակեցումն ու զարգացումը խաթարող և բնապահպանական աղետալի վիճակ ստեղծող փոքր ՀԷԿ-աշինության կասեցման ուղղությամբ պայքարի առաջին փուլն ավարտվել է։ Ստեղծվել է ներկայացուցչական հանձնաժողով, որը պետք է քննի գործող ՓՀԷԿ-երի նախագծման և շահագործման համապատասխանությունն օրենսդրությանը և բնապահպանական չափորոշիչներին։ Կիսակառույց ՓՀԷԿ-երը ենթակա են ուսումնասիրության՝ դրանց թույլտվության բնապահպանական պահանջներին և օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից։ Վերոնշյալն ինձ թույլ է տալիս կայացնել հացադուլից դուրս գալու որոշումը»,- ասվում է գրառման մեջ:

Քանանյանը նաև վերահաստատել է, որ Քարվաճառի բնակչության պաշտպանած, իր ձևակերպած և Հայաստանի ազգային անվտանգության հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մեջ են և չեն փոխվելու։

«Վերահաստատում եմ, որ Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու, իսկ կառուցման փուլում գտնվողներն ապամոնտաժվելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ՓՀԷԿ-երը ենթարկվելու են խստագույն վերահսկողության և առկա օրենսդրական պահանջներին»,- ասվում է գրառման մեջ:

Ալեքսանդր Քանանյանը հունվարի 21-ին հացադուլ էր հայտարարել փոքր ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու պահանջով: Հունվարի 24-ին նա հանդիպել էր Արցախի պետնախարար Գեորգի Մարտիրոսյանին, ինչից հետո Քանանյանը նշել էր, որ հանդիպումն անցել է կառուցողական ձգտման միջավայրում: Բացի այդ, նա արձանագրել էր, որ Արցախի «քաղաքական ղեկավարությունը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջությունը։

Շահումյանի շրջանում արդեն գործում է 6 ՀԷԿ, ևս 4-ը դեռ կառուցման փուլում են: Շահումյանի շրջանում առաջին ՀԷԿ-ը գործարկվել է 2015-ին: