AM
5 Փետրվար 2020 - 07:18 AMT

ԱԱԾ. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարի հափշտակության են մասնակցել

Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետարանում առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակում է բացահայտել:

Ըստ կառույցի տվյալների՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնյաներ չեն վերահսկել քաղաքապետարանի հետ դեռևս 2014-ին կնքված պայմանագրով բազմաբնակարան շենքերի աղբատարերի սպասարկման, շինաղբի տեղափոխման և գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացնելու պարտականությունը ստանձնած «Դավարս» ՍՊԸ-ի գործունեությունը:

Նրանք անտեսել են ընկերության կողմից պայմանագրի կետերի պարբերաբար խախտումները, ստորագրել ընկերության ծառայողների ուռճացրած տվյալներով կատարողական ակտերը, ինչպես նաև՝ աշխատանքների ու ծառայությունների մատուցման ընդունման-հանձնման արձանագրությունները։ Արդյունքում՝ 2015-2019 թթ. ընթացքում ընկերությանը փոխանցված 1,862,000,000 դրամից վատնման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 450,000,000 դրամի պետմիջոցներ:

Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները և կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։