AM
6 Փետրվար 2020 - 07:47 AMT

ԱԺ արտահերթը սկսվելուն պես ավարտվել է. Խորհրդի նոր արտահերթ նիստ կլինի

Ազգային ժողովը փետրվարի 6-ին պետք է արտահերթ նիստ անցկացներ՝ քննարկելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծերը, որոնցով առաջարկում էր ՍԴ ճգնաժամը լուծելու համար փոփոխություններ կատարել Սահամանադրության մեջ ու մի քանի օրենքներում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է` տեխնիկական խնդիրների պատճառով Հովակիմյանը հետ է կանչել օրակարգում ընդգրկված հարցերը, և քանի որ այլ հարց չկա, նիստը համարվում է փակված, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Փետրվարի 5-ին ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել էր նոր նախագիծ՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Այն ներկայացրել էին ԱԺ պատգամավորների մեկ քառորդը: Շրջանառության մեջ էր դրել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ենթադրում է ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունների դադարեցում:

Միրզոյանը, սակայն, հրավիրել է պատգամավորների ուշադրությունը՝ հայտարարելով, որ նիստը նախաձեռնողն առավոտյան նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ առանց բովանդակային փոփոխությունների։ «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է նորից հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու արտահերթ գումարելու հարցը։

Մեկ ժամից ԱԺ խորհուրդը նիստ կանցկացնի։

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը մի քանի նախագծեր էր ներկայացրել։ Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ Հովակիմյանն առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել ավելի վաղ ընդունված Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը և Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։

Նախատեսվում էր նաև սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու դեպքում նախագիծն ընդունել պատգամավոների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։