ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտահերթ նիստի հետաձգմանը, հայտարարել է, որ որևէ արտառոց բան չի եղել, հեղինակը պարզապես հետ է կանչել իր օրենսդրական նախաձեռնությունը: Պատճառը, ըստ փոխնախագահի, ոչ անհամաձայնությունն է, ոչ էլ շտապողականության հետևանքով առաջացած անփութությունը՝ մարտավարություն է:
ԱԺ-ն արտահերթում պետք է քննարկեր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծերը, որոնցով առաջարկում էր ՍԴ ճգնաժամը լուծելու համար փոփոխություններ անել Սահամանադրության մեջ ու մի քանի օրենքներում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր` տեխնիկական խնդիրների պատճառով Հովակիմյանը հետ է կանչել օրակարգում ընդգրկված հարցերը:
«Իմ գործընկեր Վլադիմիր Վարդանյանը բացատրեց, որ հետկանչման պատճառ կարող է հանդիսանալ սկսած ստորակետից՝ վերջացրած որևիցե բառ փոխելուց: Նոր խորհրդի նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն: Օրակարգ է բերվելու նոր հարց»,- հայտարարել է Սիմոնյանը, գրում է «Հայկական ժամանակը»:
Սիմոնյանը հորդորել է նաև չշտապել հետևությունների հարցում՝ առանց իմանալու, թե ինչ է կատարվում:
«Որևիցե անհամաձայնություն չկա: Ես տեսել եմ համացանցում, որ գրվում է, թե 37-ը (պատգամավոր- խմբ.) ստորագրել է, 38-րդը չի ստորագրել: Եթե պետք լինի, բոլոր 88-ս էլ կստորագրենք, 88-իս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է, և որևիցե գաղտնիք չկա, որ սա արվում է այդ ճգնաժամը լուծելու համար: Մենք ունեցել ենք հեղափոխության տարբեր փուլեր՝ կախված այն չակերտավոր քաղաքական հակառակորդից, որը եղել է՝ մենք ընտրել ենք տարբեր մարտավարություններ: Որոշել ենք ՀՀ քաղաքացիներին հրավիրել ԱԺ մոտ, որոշել ենք ճանապարհ փակել, որոշել ենք ձեռք մեկնել ՍԴ դատավորներին: Հիմա այս ձևով, այո՛, քաղաքական որոշում է կայացվել, որ ՍԴ-ում և ընդհանուր առմամբ դատական համակարգում առկա ճգնաժամը լուծվելու է՝ որպես մի բաստիոն, որ մնացել է հին Հայաստանից»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Փետրվարի 5-ին ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել էր նոր նախագիծ՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, որը ստորագրել է ԱԺ 37 պատգամավոր: Շրջանառության մեջ է դրվել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ենթադրում է ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունների դադարեցում:






