AM
6 Փետրվար 2020 - 09:35 AMT

Մարուքյան. Շատ խնդրահարույց փաթեթ է բերվել ԱԺ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի հետաձգմանը, հայտարարել է, որ շատ խնդրահարույց փաթեթ է բերվել խորհրդարանի, նախագիծը բազմաթիվ խնդիրներ ունի։

«Այնքան հարց ունեմ, որ անհնար է 3-5 ժամվա ընթացքում տալ։ Նաև քաղաքական հարցեր կան», – ասել է ատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը:

«Երկու օրվա ընթացքում երեք անգամ ԱԺ խորհրդի նիստ է հետաձգվել։ Եթե մարդը գիտի՝ ինչ է ուզում, իրավաբանները գրում, բերում են։ Դե պատկերացրեք՝ էդ փաթեթն ինչքան խնդրահարույց է, որ ինչքան շտկում են, էնքան շտկելու տեղ կա։ Բայց ինչքան էլ շտկեն, չի կարող շտկվել, որովհետև դրա էությունը հակասահմանադրական է», – ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ ԵԱՀԿ և ԵՄ դեսպանները եղել են Ազգային ժողովում, հանդիպել ԱԺ նախագահի հետ։

«Ենթադրում եմ, որ վերջինս ներկայացրել է, թե ինչ են ուզում, փորձել են դեսպաններին հավաստիացնել, որ ամեն ինչ նորմալ է, բայց նման հանդիպումների ժամանակ դեսպաննները լռում են և չեն ասում՝ համաձայն են, թե համաձայն չեն»,- ասել է պատգամավորը:

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկել է: Օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցն է: Նիստը կարող է տևել մինչև 5 ժամ: Նոր արտահերթ անցկացնելու որոշումն ընդունվել էր ԱԺ խորհրդի նիստում:

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը մի քանի նախագծեր էր ներկայացրել։ Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ Հովակիմյանն առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ավելի վաղ ընդունված Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը և Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։

Նախատեսվում է նաև սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու դեպքում նախագիծն ընդունել պատգամավոների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։