AM
6 Փետրվար 2020 - 09:59 AMT

Սուրբ Սարգսի տոնի առթիվ երիտասարդները կարող են կաթողիկոսի օրհնությունը ստանալ

Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Երիտասարդների օրհնության օր է հռչակվել։ Այս առթիվ երիտասարդներից շատերը Գարեգին Բ-ի օրհնությունը ստանալու հնարավորություն կունենան:

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին:

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման Կենտրոնական գրասենյակը կաթողիկոսին կներկայացնի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, լրագրության և մի շարք այլ բնագավառներում առաջատար, մրցանակակիր և երկրի հասարակական կյանքում զգալի ներդրում ունեցող երիտասարդ ներկայացուցիչների։

Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո նախատեսվում է երիտասարդների այցը Ոսկեդարան՝ Վեհարանի նորաբաց թանգարան:

Այս նախաձեռնությունը նոր է և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակն այն նախատեսում է դարձնել ամենամյա։

Այդ օրը նաև Արարատյան հայրապետական թեմի սրբի անունը կրող 3 եկեղեցում կմատուցվի պատարագ և կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Մայր աթոռից առաջնորդանիստ Սբ Սարգսի եկեղեցի կբերվեն սրբի մասունքակիր աջը, և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված ձեռագիր ավետարանը:

Տոնի առթիվ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կօհրնվեն և կպարգևատրվեն առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորները: