AM
6 Փետրվար 2020 - 11:30 AMT

Թովմասյան. ՍԴ դատավորներն անաչառ աշխատանքով նպաստում են իրավունքի գերակայության ապահովմանը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՍԴ հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով, որ ՍԴ դատավորներն ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են իրավունքի գերակայության ապահովմանը:

«Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում»,- ասվում է ուղերձում:

Նշվում է նաև, որ Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարևոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի իրացմանը և դրանով իսկ երաշխավորում իրավական պետության կայացումը:

«Թող բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով»,- ասվում է ՍԴ նախագահի ուղերձում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն ավելի վաղ սահմանդրական փոփոխությունների մի քանի նախագծեր էր ներկայացրել։ Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ Հովակիմյանն առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել ավելի վաղ ընդունված Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը և Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։

Առաջարկվել է հարցը դնել հանրաքվեի:

Փետրվարի 5-ին ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել էր նոր նախագիծ՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Այն ներկայացրել էին ԱԺ պատգամավորների մեկ քառորդը: Շրջանառության մեջ էր դրել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ենթադրում է ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունների դադարեցում: