AM
6 Փետրվար 2020 - 18:34 AMT

ՀՀԿ․ «Իմ քայլի» օրինագիծը սպառնում է ՀՀ պետականությանն ու Արցախին

Իշխող կուսակցության հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը սպառնում է ՀՀ պետականությանը, հարված է հասցնում երկրի միջազգային հեղինակությանը և թուլացնում է Հայաստանի դիրքերը ռազմավարական և անվտանգային նշանակություն ունեցող գործընթացներում։ Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ, ըստ որի նաև` օրինագիծը հարվածում է նաև Արցախյան հիմնախնդրին։

Կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունում նշվում է նաև, որ «տվյալ արկածախնդիր գործընթացը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 168-ի կետ 2-ին, ինչպես նաև հոդված 169-ի 2-րդ մասին»:

«Առաջարկվող կարգավորումները գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ են, որի արդյունքում Սահմանադրական դատարանը զրկվելու է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումից, իսկ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ձևավորվելիք սահմանադրական դատարանը կազմված է լինելու բացառապես իշխող ուժին լոյալ ներկայացուցիչներից», – ասվում է հայտարարությունում:

Նախկին իշխող կուսակցության համոզմամբ` քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին․ անտեսելով ԵԽԽՎ-ի կոչերը՝ այն ընդունման պահին չի անցել միջազգային պատկան մարմինների փորձաքննությունը, ինչն աննախադեպ է նորանկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում: ՀՀԿ-ում նաև ընդգծում են, որ պատրաստակամ են անհապաղ, ինտենսիվ և լայն քննարկումների պետության առջև ծառացած այս վտանգի հետևանքները կանխելու համար խնդրով մտահոգ բոլոր հասարակական և քաղաքական կառույցների հետ:

Կուսակցությունը հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին արձագանքել «հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների այս աղաղակող գործընթացին»:

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Մինչև այդ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել են իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության փոփոխության ու հարակից օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։