AM
7 Փետրվար 2020 - 09:23 AMT

ՀՀ նախագահը երբևէ չի եղել British Petroleum-ի բաժնետեր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petroleum ընկերության բաժնետեր, հայտարարել են նախագահականի լրատվականից: Նախագահի նախկին գործունեության վերաբերյալ հնչող մեկնաբանությունները «անհիմն ու մտացածին» են անվանվել:

«Ադեկվադ» միաբանության անդամները 2 անգամ նավթի տակառներ են տարել Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի մոտ։ Նրանք պնդում են, թե ՀՀ նախագահը British Petroleum-ի փայատեր է և տնտեսական շահեր ունի Ադրբեջանում և Թուրքիայում:

Հայտարարությունում նշվում է, որ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում:

Նախագահի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա եղել է British Petroleum ընկերության ավագ խորհրդատու և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել նրա գործունեության շրջանակից: Բացի այդ, British Petroleum-ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են, և համացանցի ցանկացած օգտատեր հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները:

Գոյություն ունեն Knightsbridge տեղանունը ներառող հարյուրավոր ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում իրարից խիստ տարբեր ոլորտներում, աշխարհի տարբեր երկրներում և ունեն տարբեր սեփականատերեր ու բաժնետերեր:

Knightsbridge տեղանունը ներառող ընկերությունների փոքր խումբը, որի հետ առնչվել է Արմեն Սարգսյանը, արդեն վաղուց գոյություն չունի, այդ ընկերություններից և ոչ մեկը երբևէ որևէ ներդրում չի կատարել British Petroleum ընկերության ծրագրերում և Ադրբեջանում:

Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները և ֆինանսական միջոցները:

Ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության անդամները Բաղրամյան 26-ում նամակ էին հանձնել նախագահի աշխատակազմին: