ՀՀ վերաքննիչ դատարանն արդարացրել է հայտնի «oֆշորի» գործով 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին, նա հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել, գրում է «Ժողովուրդը»:
Սուքիասյանը դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի, և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու: Սուքիասյանն իրեն մեղավոր չէր ճանաչել:
Ըստ 2013-ի հրապարակումների՝ գործարար Փայլակ Հայրապետյանը պնդել է, որ իրեն պատկանող մոտ $100 մլն-ի անշարժ գույքը 2009-ին գրավ է դրել բանկերից մեկում, որը գնահատել է $33 մլն, և դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել $10.7 մլն։ Վերջինս, պայմանավորվածության համաձայն, այդ գումարն Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից։
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր էին նշվում Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Սակայն 2014-ի հունվարին Թբիլիսում ձերբակալված և հինգ ամիս անց ՀՀ արտահանձնված Սուքիասյանը պնդում է՝ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել։
Աշոտ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար:






