AM
7 Փետրվար 2020 - 11:17 AMT

Մուկուչյան. Հանրաքվեի օր նշանակելը ԿԸՀ գործառույթը չէ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը փետրվարի 7-ին ԱԺ-ում ճեպազրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ակնկալվող հանրաքվեի ժամկետներին, ասել է, որ հանրաքվեի օր նշանակելը ԿԸՀ գործառույթը չէ:

«Ես հիմա չեմ կարող դատողություններ անել: Այս առումով օրենքում ամրագրված է իրավական դրույթ, որով սահմանված է ժամկետի սկիզբ և ավարտ՝ 55-60 օր: Թե որ օրը կնշանակվի, կնշանակվի նախագահի կողմից, դա ԿԸՀ գործառույթ չէ»,- ասել է նա, տեղեկացնում է Shantnews.am-ը:

«Հանրաքվեի օրվա նշանակումից հետո, երբ կսկսվեն գործառույթները, մենք որպես ԿԸՀ լիարժեք ծավալով կիրազեկենք նաև մեր գործառույթների մասին», – ասել է Մուկուչյանը՝ հավելելով, որ խորհրդարանում քննարկված հարցերի շրջանակը շատ լայն էր և վերաբերում էր օրենսդրական տարբեր ակտերի:

Հարցին, թե ճշտվա՞ծ է արդեն, թե ինչ ձևակերպումով է շրջանառության մեջ դրվելու քվեաթերթիկը՝ ԿԸՀ նախագահը պատասխանել է՝ դեռ ոչ:

«Այս պահին նման դատողություն անել չենք կարող: Դրանք իրավական գործընթացներ են, որ հետևում են մեկը մյուսին: Նշանակվում է հանրաքվե, դրանից հետո կսկսվեն առանձին կազմակերպչական գործընթացներ, զուգահեռաբար իրականացվում է քարոզչություն, և այդ ընթացքում հստակ է լինում, թե ինչ հարցի շուրջ է անցկացվում հանրաքվեն, որից հետո միայն հաստատվում է քվեաթերթիկի նմուշ և այն տպագրվում է», – ասել է Մուկուչյանը:

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Խմբակցությունը մի քանի նախագիծ էր բերել խորհրդարան, որոնցից մեկով առաջարկվում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով խորհրդարանի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր և դադարեցնել ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այն չի ընդունվել առաջին ընթերցմամբ՝ հարցը հանրաքվեի դնելու նպատակով։