AM
7 February 2020 - 12:02 AMT

ԱԳՆ. Դեսպանների հանդիպումն ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ գործոն չէ խաղաղ գործընթացում

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն Ադրբեջանում ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ համանախագահ երկրների դեսպանների հանդիպման մասին խոսելիս ասել է, որ դա գործոն չի խաղաղ գործընթացում:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության կազմակերպած ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում դրանց շփումներն իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։

«Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992-ից՝ Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանությունները ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան և Հայաստան հրադադարի համաձայնագրից»,- ասել է նա:

Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն թեմայով, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ: