AM
11 Փետրվար 2020 - 10:09 AMT

Մարուքյան. Հանրաքվեի «Ոչ»-ի ճակատ չպետք է ձևավորվի ատելության քարոզի պատճառով

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ ոչ մի ճամբարում իրեն չի տեսնում, բայց օգտագործել է ամբողջ գործիքակազմը և դեռ պատրաստ է դիմել Սահմանադրական դատարան, եթե համապատասխան թվով ստորագրություններ հավաքվեն: Այդ մասին, ըստ Factor.am-ի, հայտարարել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ են դիմել ՍԴ՝ վիճարկելու հանրաքվեի անցկացման նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը, եթե պատգամավորների կողմից բավարար թվով ստորագրություններ լինեն: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ չեն դիմի բարձր դատարան՝ հանրաքվեի որոշումը վիճարկելու:

Մարուքյանի խոսքով` հանրաքվեից առաջ «Ոչ»-ի ճակատ չպետք է ձևավորվի, քանի որ իշխանությունը կսկսի ատելություն գեներացնել այդ մարդկանց հանդեպ:

Նա նշել է, որ հանրաքվեն կազմակերպվում է մեկ հոդված փոխելու համար և չարժե 3.5 մլրդ դրամ ծախսել հանրաքվեի կազմակերպման համար՝ մանավանդ այն դեպքում, երբ իշխանությունը կարող էր հոդվածի փոփոխությունն ԱԺ-ում նախաձեռնել: ԼՀԿ ղեկավարն ասել է, որ գործընթացում, չնայած «ժողովրդավարական սոուս» է մատուցվում, բայց իրականում այն իրականացվում է «իրավական բեսպրեդելի» ճանապարհով:

«Բոլոր ուժերին կոչ ենք անում չմտնել ատելության պատերազմի մեջ, թողնել, որ «Այո»-ի ճամբարն իր «այո»-ն քարոզի, որևէ կերպ իշխանությանը շանս չտալ ատելության քարոզի կամ սպառնալիքի»,-ասել է Մարուքյանը:

Նրա խոսքով՝ սպառնալիքներ է ստանում սոցցանցերում, այդ մասին հրապարակային գրառում է արել, բայց իրավապահ որևէ մարմին չի կապվել իր հետ՝ հասկանալու, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը:

«Քաղաքական գործիչը հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում և 0 արձագանք իրավապահ մարմիններից: Այսինքն դա նորմա՞լ է: Իշխանությունը ինչո՞ւ պետք է արձագանքի իր գեներացրած ատելությանը: Իրենք սպասում են մեկին գնդակահարեն, հետո ասեն՝ տաք հետքերով գտան գնդակահարվածին, կամ, թե ով է գնդակահարել»,- հայտարարել է Մարուքյանը:

Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ Կառավարությունը Վանաձորի մանկապարտեզներում, բազմաթիվ ՊՈԱԿ-ներում, մշակույթի տներում աուդիտ է անցկացնում և հարցերի մեջ ներառված է նաև ճշտելը, թե ովքեր են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

«Սա ի՞նչ է հեղափոխությունից հետո, ո՞նց նկարագրեմ: Հստակ քաղաքական պատվեր է իջեցված՝ ճշտելու, թե Վանաձորի հիմնարկներում կա՞ն արդյոք ԼՀԿ-ի աշխատողներ: Ուրիշ կուսակցության անուն չկա»,- հայտարարել է Մարուքյանը՝ նշելով, որ պարզաբանումների են սպասում:

Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: 2020-ին փետրվարի 6-ին ԱԺ-ն ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը: