ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դրական պատասխան չի տվել հանրաքվեի օրն ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մասին հարցին՝ մատնանշելով ժամկետների սղությունը, տեղեկացնում է Shantnews.am-ը:
«Ժամկետը շատ կարճ է, իսկ ԿԸՀ-ն նման գործառույթ չունի: Տեսախցիկներ տեղադրելու համար մասշտաբային աշխատանքներ են պահանջվում, դժվարանում եմ ասել` հնարավոր կլինի՞ իրականացնել դա, թե՝ չէ, բայց պետք է նկատել` բոլոր մյուս վերահսկողական մեխանիզմները լինելու են»,- ասել է նա:
Մուկուչյանը նաև նշել է, որ հանրաքվեի օրը դիտորդական առաքելությամբ հանդես են գալու ոչ միայն ՀԿ-ների ներկայացուցիչները, այլև կուսակցությունների:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։






