Զինծառայողների ինքնասպանության մասին հաճախակի դարձած դեպքերը պետք է ուսումնասիրել՝ ստեղծելով քննիչ հանձնաժողով և պատժելով մեղավորներին, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, փոխանցում է Factor.am-ը:
«Շատ ցավալի է, շատ վատ է, անմիջապես պետք է ուսումնասիրվի, ովքեր մեղավոր են, ինքնասպանության դրդողներն են, գոնե երկուսը մասսայական պիտի պատժվեն: Պատկերացրեք՝ ծնողը երեխային պատրաստ է ուղարկել բանակ, ու գնա երեխան, ինչ աստիճանի նրան հասցնեն, որ ինքնսպանություն գործի: Օրերս հաճախակի են լինում նման դեպքեր: Սա լուրջ խնդիր է, պետք է անմիջապես ուշադրություն դարձնեն, քննիչ հանձնաժողով ստեղծեն, ուսումնասիրեն՝ ինչն է պատճառը, որ լուծեն այդ խնդիրը», – հայտարարել է Ծառուկյանը:
Փետրվարի 12-ին Արցախում 2 զինվոր է զոհվել, երկուսն էլ հրազենային վիրավորում են ստացել դեռևս չպարզված հանգամանքներում: Նշվում էր, որ 2020-ին արդեն 12 զինվոր է զոհվել, որոնք ոչ թե զոհվել են հակառակորդի կրակոցից, այլ չպարզված հանգամանքներում:
Փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում պատասխանելով բանակում զոհերի մասին հարցին, նշել էր, որ այդ խնդրի խորքը հասկանալու համար պետք է գնալ և տեսնել, թե բակերում ինչպես են իրար հետ շփվում երեխաները:
Ըստ Կառավարության ղեկավարի՝ ինքը զարմացած է, որ նույնիսկ ԱԺ պատգամավորներն են հայտարարել, թե «գողական ապրելակերպը» ազգային ավանդույթների և ինքնության համար շատ կարևոր է: Նրա խոսքով՝ զինվորների միջև մեծ պարզաբանումների խնդիր կարող են դառնալ անգամ նույն լվացքի մեքենայում հայտնված վարտիքները: Փաշինյանն ասել է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է:






