AM
13 Փետրվար 2020 - 08:21 AMT

«Իմ քայլը» կստանա 78 մլն դրամ, ՀՀԿ-ն՝ 5.2 մլն. Կառավարությունն աջակցում է կուսակցություններին

Կառավարությունն աջակցություն ցույց կտա Ազգային ժողովի 2018-ի ընտրություններում 3% և ավելի ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

Գործադիրի որոշմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կհատկացվի 9.1 մլն դրամ դրամ, «Լուսավոր Հայաստանին»՝ 7 մլն, ՀՀԿ-ին՝ 5.2 մլն դրամ, «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը»՝ 4.3 մլն, իսկ «Իմ քայլը» դաշինքին՝ 78 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ, պետբյուջեից կուսակցություններին կհատկացվի 103.7 մլն դրամ:

«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ Կուսացությունների մասին օրենքի վերաբերյալ, փոփոխություններով վերանայվելու է կուսակցությունների ֆիանսավորման կարգը: Կարծում եմ՝ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում: Օրենքի փոփոխություններով պետք է խթանենք, որ երիտասարդներն ունենան ցանկություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության ու պետականության համար կարևոր է, որ կուսակցությունները կայանան, զարգանան», – հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

2018-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ են անցել «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր ձայների մոտ 4.7%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցությունը»՝ մոտ 3.8%–ը: