Արցախում փետրվարի 12-ին մահացու հրազենային վիրավորում ստացած 2 զինծառայողի մահվան դեպքով քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, զինվորը մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:
ՔԿ-ն նախաքննություն է տանում, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում պատասխանելով բանակում զոհերի մասին հարցին, նշել է, որ այդ խնդրի խորքը հասկանալու համար պետք է գնալ և տեսնել, թե բակերում ինչպես են իրար հետ շփվում երեխաները: Ըստ Կառավարության ղեկավարի՝ զինվորների միջև մեծ պարզաբանումների խնդիր կարող են դառնալ անգամ նույն լվացքի մեքենայում հայտնված վարտիքները: Փաշինյանն ասել է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է:






