ԵրևանումԵՄ Թումո համալիր կկառուցվի, որը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի MVRDV ստուդիան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքապետ Հայկ Մարությանը և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարոն Մաասի և Թումոյի ղեկավարության հետ քննարկել են նախագիծը։ Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դրա շուտափույթ իրագործմանը։ Համալիրը գտնվում է մետրոպոլիտենի նախագծվող նոր կայարանի հարակից հատվածում։ Շենքի դիզայնը պատրաստ կլինի առաջիկա գարնանը»,- նշել է նա։
Իր գործունեության 27 տարվա ընթացքում Վինի Մաասի գլխավորած ընկերությունն իրականացրել է մոտ 322 նախագիծ, որոնցից են Ռոտերդամի Villa VPRO-ն, Mirador-ը Մադրիդում և արդեն լեգենդար դարձած Tianjin Binhai գրադարանը Չինաստանում:
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Դրա շուրջ են հավաքվելու տեղական և միջազգային գործընկերներ՝ ապահովելու կամուրջ բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև։
Համալիրի համար Երևանում` Թումոյին կից, կկառուցվի մոտ 25,000 քմ մակերեսով շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը ևս նախաձեռնության մաս կլինի:






