Հարյուրից ավելի իրավաբաններ և իրավապաշտպաններ, օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում հայտնելով իշխանության նախաձեռնած հանրաքվեի «հակասահմանադրական լինելու մասին», մտադիր են «Ոչ»-ի քարոզչական կողմ ձևավորել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «Ոչ» քարոզչական կողմ ձևավորելու ցանկություն չեն հայտնել… Այս պայմաններում, ելնելով ժողովրդավարության ու իրավունքի գերակայության արժեքները պաշտպանելու հրամայականից, իրավաբանական համայնքի շրջանակում սկսում ենք խորհրդակցություններ՝ օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնության ձևավորելու օրակարգով»,- ասվում է հայտարարությունում։
Որպես նախաձեռնության նպատակներն են նշվում՝
1. ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։
2. ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի:։
Ավելի վաղ ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն:
ՀՀ նախագահը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել է ապրիլի 5-ին:






