Արդարադատության նախարարության կողմից ներում շնորհելու համար երկու տարում 326 դատապարտյալի գործ ուղարկվել է վարչապետի աշխատակազմ, որից 316-ն ուղարկվել են նախագահին, ինչի արդյունքում ներում է շնորհվել 5 դատապարտյալի, «Ներման մասին» օրենքի քննարկմանը հայտնել է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:
Նրա խոսքով՝ 5 դեպքից մեկով լրիվ ազատում է եղել, 4-ի դեպքում պատժի կրման չափը կրճատվել է:
Գալյանը հիշեցրել է, որ ՀՀ-ում ներում շնորհում է նախագահը, իսկ ներկայացնում է վարչապետը. իր հերթին, վարչապետին խորհրդատվական եզրակացություն ներկայացնում է ներման հարցերով հանձնաժողովը:
Ըստ ԱԺ ներկայացված նախագծի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս քան 15 տարին:
Նախագիծը հավանություն էր ստացել Կառավարության 2019-ի նոյեմբերի 21-ի նիստում, որի ընթացքում այն ներկայացրել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նրա՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնականում առկա որոշ խնդիրներ կարգավորելու, օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ:






