AM
14 Փետրվար 2020 - 10:12 AMT

Մարուքյան. Գերմանիայում վարչապետի խոսքերը ՍԴ մասին իրականությանը չեն համապատասխանում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարությունը, թե ՀՀ Սահմանադրական դատարանը կուսակցականացված է, իրականությանը չի համապատասխանում:

«Չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով վիրավորել բոլոր դատավորներին»,- ասել է նա:

Մարուքյանի խոսքով՝ իրականությունը չի համապատասխանում նաև վարչապետի մեկ այլ պնդում, թե ՍԴ-ն կասկածի տակ է դնում կամ խոչընդոտում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ամբողջ օրակարգը Հայաստանում, գրում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ հնարավոր չէ հրապարակել մի դեպք, որը ՍԴ-ն տապալել է։

Մարուքյանը հայտարարել է նաև, որ ԼՀԿ դեմ սանձազերծված է մի արշավ, որն անցել է բոլոր կարմիր գծերը և դրա պատճառն այն է, որ համաձայն չեն իշխանության հետ։

«Հեղափոխության արդյունքում բացված պատուհանը պետք է օգտագործել բարեփոխումների համար, այլ ոչ թե անընդհատ ասել՝ «վայ, վազելով եկեք այստեղ՝ խլում են, եկեք այս մի կողմ՝ այս կողմից են խլում»։ Հո «Մանուշակ» մանկապարտեզը չէ»,– հայտարարել է Մարուքյանը։

Վարչապետը Բեռլինում անդրադարձել էր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին: Նա հայտարարել էր, որ ՍԴ-ն կուսակցականացված է, ինչն անընդունելի է. «Այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ամբողջ օրակարգը ՀՀ-ում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է»- ասել էր Փաշինյանը: