AM
25 Փետրվար 2020 - 10:10 AMT

Զեյնալյան. Որևէ դեղի կամ դիմակի թանկացում բացառելու ենք

ՀՀ-ում բնակչության շրջանում կորոնավիրրուսի հնարավոր տարածման հետ կապված չհիմնավորված խուճապ կա: Դրա հետևանքով է, որ բնակիչները դիմակներ են պահեստավորում, հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Ինչքան նկատել եմ՝ բժշկական դիմակները հիմա դեղատներում բացակայում են, բայց նաև սա հավելյալ խուճապի, չհիմնավորված խուճապի արդյունք է, որ բնակիչները դիմակներ են պահեստավորում իրենց տանը, որն անիմաստ է: Ասեմ ավելին, դիմակը վարակվելուց 100%-ով զերծ չի պահում: Բնականաբար, հետևում ենք, ունենք բավականաչափ պահեստավորված դիմակներ, բացառելու ենք, որ որևէ հակավիրուսային դեղորայքի կամ դիմակի թանկացում լինի»,- ասել է Զեյնալյանը, փոխանցում է Shantnews.am-ը:

Նա հիշեցրել է, որ Իրանում կորոնավիրուսի տարածման դեպքերով պայմանավորված՝ ՀՀ-ն փակել է այդ երկրի հետ սահմանն ու հավաստիացրել, որ մուտքի և ելքի թույլտվություն ունեցող բեռնատարների վարորդների առողջականը սահմանին հսկվում է:

Զեյնալյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը պետք է ավելի ինտեսիվ խոսի հանության հետ` ավելորդ խուճապից խուսափելու նպատակով:

Հայաստանը 2 շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ ոչ ամբողջական սահմանափակումներ են կիրառվել: Ըստ պաշտոնական վերջին տվյալների՝ Իրանում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել, 47 հոգու մոտ հաստատվել է վարակը: