«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակները Երևանի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ էին, տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից:
Ըստ կառույցի՝ նրանք, թեթևամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը և հնարավոր հետևանքներին, գովազդային վահանակի վրա տեղադրված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտի ռումբը:
Վարկային կազմակերպության աշխատակիցն ահազանգել է իրավապահներին: ԱԱԾ-ն ձեռնարկել է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ բացահայտելով անչափահասների գործունեությունը:
Ենթադրյալ հանցանք կատարած անձինք հայտնաբերվել և փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:
ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ այսօրինակ հակաիրավական և հանրավտանգ հետևանքներ առաջացնող վարքագիծ դրսևորելուց:






