Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վթարի ենթարկելու փաստը ոչ թե հերքվել է գործի նյութերով, այլ՝ հաստատվել, հայտարարել է տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Սանասարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իր կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրգործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Նա նշել էր, որ երբևէ «երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»:
«Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետև միջնորդություն է ներկայացվել՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը, դատելով Սանասարյանի գրառումից, հավանաբար մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել»,- գրել է Աթանեսյանը:
Փաստաբանը հիշեցրել է, որ վթարի հետևանքով անչափահասը միջին ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել:
2019-ի հոկտեմբերին Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասով քրգործ էր հարուցվել:
Սանասարյանը հայտարարել էր, որ իր վրա «շառ են անում», երեխան քարից ցատկել, դիպել է մեքենային ու ընկել, դրանից հետո ինքը երեխայի մոր հետ գնացել է հիվանդանոց, որտեղ երեխային զննել են և ասել, որ ոչ մի խնդիր չկա:






