Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
2019-ի նոյեմբերին քաղաքապետարանը հուշարձանի բաց մրցույթ էր հայտարարել: Նշվում էր, որ հաղթողը 2 մլն դրամ կստանա։
2018-ի մարտի 19-ին Երևանի ավագանին մերժել էր «Երկիր ծիրանիի» կողմից ներկայացված՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու առաջարկը:
Կուբատյանը հիշեցրել է՝ մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որ հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները:
Կուբատյանը նշել է նաև, որ հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում:
2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, մի քանի օր շարունակ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բողոքի ակցիա ու նստացույց էին անում Ազատության հրապարակում:
Մարտի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացվեցին, 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։






