AM
2 Մարտ 2020 - 11:45 AMT

Ռուս բլոգերը՝ Մոնումենտի առանձնատների մասին. «Փողով ճաշակ չես գնի»

Հայտնի ռուսաստանցի բոլգեր Իլյա Վառլամովը, Երևան այցից իր տպավորությունները ներկայացնելով, պատման երկրորդ մասում անդրադառնում է ՀՀ մայրաքաղաքի ինքնաշեն շինություններին և կցակառույցներին, ինչպես նաև Մոնումենտի առանձնատներին՝ նշելով, որ «փողով ճաշակ չես գնի»:

«Երևանը մի ոչ ակնհայտ տեսարժան բան ունի՝ տեղական ինքնաշեն կառույցները: 90-ականներին և 2000-ականների սկզբին Երևանում ով ինչ ուզում` անում էր: Միանգամայն նորմալ էր 5 հարկանի շենքին գրեթե համարժեք մի կառույց կցելը: Կամ էլ մի ամբողջ «ավան» կառուցել 9 հարկանի շենքի տանիքին… Այսօր արդեն նման բան դժվար է պատկերացնել, այնպես որ հայկական ինքնաշեն կառույցները հիմա կարելի է միայն ուսումնասիրել՝ որպես անհետացող տեսակ»,- գրել է բլոգերը:

Ըստ նրա՝ առաջին հայացքից այս ամենը հարկավոր է քանդել, թեկուզ այն պատճառով, որ առնվազն այդ բոլոր կցակառույցները չեն համապատասխանում անվտանգության նորմերին: Բայց մարդիկ օրինականացրել են դրանք, փաստաթղթեր ստացել, և ուրեմն՝ հարկավոր է տարիներ առաջ գնալ, որոնել ու գտնել այն ժամանակվա պաշտոնյաներին, որոնք տվել են այդ փաստաթղթերն ու ամեն ինչի վրա աչք փակել:

«Իսկ եթե պաշտոնյաներ չեն գործել, այլ ուղղակի մարդիկ են սողանցքեր գտել օրենքում: Ի՞նչ անել այսօր: Չէ՞ որ օրենքը հետադարձ ուժ չունի»,- գրել է նա:

«Սկզբից կարծում էի, որ միայն մեկ լուծում կարող է լինել՝ քանդել բոլոր ապօրինի կցակառույցներն ու ինքնաշեն շինությունները… Բայց մյուս կողմից, բոլոր այդ զարմանալի ինժեներական լուծումները վերածվել են յուրօրինակ արժանիքի և ամենաթողության ժամանակների հուշարձանի: Գուցե թողնե՞լ դրանք, որպես սպի քաղաքի մարմնի վրա, որը կհիշեցնի անցյալի սխալների մասին»,- գրել է հեղինակը՝ հավելելով, որ կցակառույցներ կան գրեթե յուրաքաչյուր շենքում:

Բլոգերը նշում է՝ Երևանը նախկինում աուտենտիկ տեսք ուներ՝ դա հաճելի բակերով և հետաքրքիր շենքերով քաղաք էր, սակայն այսօր այդ ամենը հիմնականում կորսված է, իսկ քաղաքի կենտրոնը աստիճանաբար քանդում են:

Վառլամովին «անտարբեր» չեն թողել նաև Երևանի ավտոտնակները, որոնք ամբողջ փողոցներ են կազմում:

«Բայց այսօր ավտոտնակները գրեթե չեն օգտագործվում ըստ նշանակության, այլ վերածվել են պահեստների կամ խանութների… որտեղ կամ second hand է գործում, կամ հնամաշ իրեր են վաճառվում»,- ասվում է հոդվածում:

Բլոգերն անդրադարձել է նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ կառուցված թաղամասին, որտեղ «օլիգարխները նախկին իշխանության օրոք առանձնատներ են կառուցել: Նախկինում այստեղ կանաչ գոտի է եղել, բայց հիմա համատարած «էլիտար» կառույցներ են: Գործող վարչապետ Փաշինյանն ասում է, որ այդ առանձնատներից շատերը կառուցվել են Երևանի այգիների և զբոսայգիների կանաչ տարածքների հաշվին: Որպես օրինակ նա բերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որի մի մասը, ըստ քաղաքապետարանի աշխատակիցների, ապօրինի է կառուցված:

«Այս ամբողջ պատմությունը լավ հիմնավորում է այն թեզը, որ «փողով ճաշակ չես գնի»: Մարդիկ մեծ գումար ունեն, բայց ոչ ոք չի ցանկացել ճարտարապետ վարձել և այդ պատճառով բոլոր պալատներն աճոռնի են ստացվել»,- գրել է նա:

Ըստ ռուս բլոգերի՝ այս «հայկական Ռուբլյովկան ինչ-որ բանով հիշեցնում է Սորոկին՝ Մոլդովայի գնչուների մայրաքաղաքը, որն անճոռնի պալատներով նման մի գյուղ է»: