ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է գործատուներին ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հարկավոր է հաշվի առնել, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի գրանցված դեպքով պայմանավորված մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել բոլոր ուս.հաստատություններում:
Միաժամանակ նախարարությունում ասում են, որ «տվյալ պարագայում աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցն աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ»:
Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքն էր գրանցվել։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին` Թեհրանից։
Նա ինքն էր դիմել բժշկի, հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, բայց ավելի ուշ այն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է ցույց տվել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ դպրոցներում գարնանային արձակուրդը նախատեսվածից մի շաբաթ շուտ է մեկնարկել՝ մարտի 2-ից:






