AM
3 Մարտ 2020 - 06:06 AMT

Պետռեգիստրում խունկ ծխելուց մինչև «Վիետնամական զվյոզդչկա». Կորոնավիրուսի դեմ պայքարի «նոր փուլը»

Աշխարհում որևէ դեղամիջոց գոյություն չունի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, «Վիետնամական զվյոզդչկայով» և «Օքսոլինով» կորոնավիորուս բուժելու հրապարակումների մասին PanARMENIAN.Net-ի հարցին ի պատասխան ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում տարածվող տեղեկությունների ֆոնին, թե նշված երկու միջոցն օգնում են խուսափել կամ բուժել կորոնավիրուսը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս հաստատում է՝ վարակի դեմ պայքարող դեղամիջոց, պատվաստանյութ դեռ չկա:

Վիրուսի դեմ պայքարելու լավագույն տարբերակը ձեռքերը միշտ մաքուր պահելն է, դեմքին, աչքերին, քթին, բերանին չդիպչելը, հազացող ու փռշտացող մարդուց հեռու գտնվելը և անձամբ այդ գործողությունները կատարելիս քիթն ու բերանը անձեռոցիկով ծածկելը կամ արմունկը դեմքին հպելը:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության սպասարկման բաժնում խունկ ծխելու հարցին ի պատասխան նշեցին, որ պահպանում են հիգիենայի կանոնները, իսկ սպասարկման սրահում աշխատակիցների առաջարկությամբ և համաձայնությամբ նաև խունկ է ծխվել:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ Պետռեգիստորւմ խունկ են ծխում:

ԱՆ-ից նշեցին նաև, որ «աշխատակիցները, լսելով նախարարության խորհուրդները՝ ուղղված աշխատավայրում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուն, և հաշվի առնելով, որ քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ են, վիրուսի հետագա տարածումը երկուստեք կանխելու համար սպասարկման սրահը պարբերաբար օդափոխում են, կրում են համապատասխան դիմակներ, պահպանում անձնական հիգիենայի կանոնները»: