ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և City of smile բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալին և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանին։
Կամալը նշել է, որ հայ բժիշկների հետ գործակցությունը մեկնարկել է վարչապետի տիկնոջ 2019 թվականի հուլիսի 9-ին Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն այցից հետ։
Նա ներկայացրել է հունիսին Հայաստանում կազմակերպվելիք Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի կոնֆերանսի մանրամասները՝ նշելով, որ միջոցառման ընթացքում ելույթ են ունենալու հայտնի բժիշկներ և հասարակական գործիչներ:
Կամալը շեշտել է, որ կոնֆերանսն այդ հանդիպման առաջին արդյունքն է, սակայն գործակցությունը հայկական մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտում շարունակական է լինելու։
Նա հետաքրքրվել է նաև բարեգործական հիմնադրամի գործունեությամբ՝ շեշտելով, որ կենտրոնը կարող է գործակցել հիմնադրամի հետ ինչպես գիտական հետազոտությունների, վերապատրաստումների, այնպես էլ տեխնիկական վերազինման առումով։
City of smile բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։ Հիմնադրամի կառավարումն իրականացվում է Հոգաբարձուների Խորհրդի կողմից:






