AM
3 Մարտ 2020 - 07:52 AMT

ԱԱԾ. 3500-3800 եվրոյի դիմաց ՀՀ քաղաքացիների ապօրինի արտագաղթ է կազմակերպվել

Ազգային անվտանգության ծառայությունն անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքն է բացահայտել։

Ըստ ձեռք բերված տվյալների՝ 2018-ի հուլիսից մինչև 202-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արագածոտնի մարզում բնակվող մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով, 3500-3800 եվրոյի դիմաց ՀՀ ավելի քան 20 քաղաքացու՝ արտասահման ապօրինի տեղափոխելու գործընթաց են կազմակերպել:

Նրանք համապատասխան մուտքի արտոնագրերի ստացումն ապահովելու համար պատրաստել են կեղծ փաստաթղթեր` ամուսնության վկայականներ, աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ, բանկային հաշվի շարժի քաղվածքներ, որոնց օգտագործմամբ ՀՀ–ում գործող մի շարք եվրոպական երկրների դեսպանություններից ստացված մուտքի արտոնագրերով միգրանտները լքել են ՀՀ-ն և ապօրինի մուտք են գործել Շենգեն գոտու երկրներ:

Առերևույթ հանցագործության դեպքով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

ԱԱԾ հսկողության ներքո կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ հերթական անգամ մուտքի արտոնագիր ստանալուց առաջ ապօրինի միգրացիայի կազմակերպիչներից մեկը բռնվել և բերման է ենթարկվել, խոստովանել հանցագործությունը, իսկ մյուսները լքել են ՀՀ տարածքը։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։