Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը խոշոր վնաս պատճառելու դեպքով մեղադրանք է առաջադրվել 2009-2016 թթ. ՊԵԿ նախագահի, այնուհետև ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած անձին:
ԱԱԾ-ն դեռևս 2019-ի փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերով հարուցված և քննվող քրգործով ստացել է փաստական տվյալներ, ըստ որոնց գործադիր իշխանության ղեկավար պաշտոնյան չարաշահել է դիրքը՝ վերադասի ազգականներին նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով։
Մասնավորապես, նա իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության խախտմամբ, ապահովել է պետբյուջեի հանդեպ մոտ 80 մլրդ դրամի պարտավորությունների դիմաց տնտեսվարող սուբյեկտի կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132,615 բաժնետոմսի շուկայականից էապես ցածր գնով իրացումը ՊԵԿ նախագահի ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը, ինչպես նաև իր գործողություններով ազատել է այդ ընկերությունը 5,000,000 եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից:
Բացի այդ, իմանալով, որ վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների կողմից օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը $6,000,000 չափով փոխառություն է տրամադրել տնտեսվարողի, որի գույքերի վրա չկատարած հարկային պարտավորություններն ապահովելու նպատակով դրվել է արգելանք, փոխառության վերադարձն ապահովելու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով և անտեսելով օրենսդրությամբ սահմանված պահանջները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համապատասխան հարկային տեսչության պետին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կիրառված արգելանքները վերացնելու ուղղությամբ։
Հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետևանքով 2 դրվագով էլ հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել դրա բնականոն գործունեությունը, կոպտորեն խախտվել են հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների կատարումն ապահովելու հետ կապված հարաբերությունները և գրավադրված գույքի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ, պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 միլիարդ դրամի նյութական վնաս:
ՊԵԿ նախագահի տեղակալի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է։






