AM
3 Մարտ 2020 - 12:20 AMT

Թորոսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի տարածման կանխումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ-ում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:

Նրանք պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել Իրանի առողջապահության նախարարի հետ:

«Հույս ունեմ, որ առաջիկայում ամեն ինչ կկարգավորվի և կյանքը կշարունակվի բնականոն հունով»,- ասել է Թորոսյանը:

Նա ներկայացրել է, թե ինչ գործողություններ են իրականացվում Հայաստանում: Դեսպանն իր հերթին ներկայացրել է 2 շաբաթվա ընթացքում այն փորձը, որն Իրանը ձեռք է բերել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում: Ըստ նրա` Իրանում բժշկական մեծ թիմ է ձևավորվել, որի հիմնական գործառույթը վիրուսի տարածման կանխարգելումն է, ինչպես նաև «թեժ գիծն» աշխատում է 24-ժամյա ռեժիմով:

Աբաս Բադախշան Զոհուրին ներկայացրել է թարմ տվյալներ, ըստ որի` Իրանում նոր կորոնավիրուսի մուտք գործելուց հետո 7280 քաղաքացի դիմել է հիվանդանոց, որոնցից 4312-ը թեստավորվել են: Մինչև մարտի 2-ի կեսօրն Իրանում ախտորոշվել է կորոնավիրուսի 1501 դեպք, 291-ը ապաքինվել է: Արձանագրվել է մահվան 66 դեպք:

«Մեր երկրի փորձը ցույց է տվել, որ պետք է ավելի ուժեղացնել կանխարգելման գործողությունները, քան բուժման, և սա կարևոր է Հայաստանի համար ևս, քանի դեռ խնդիրը չի խորացել»,- ասել է Աբաս Բադախշան Զոհուրին:

Քննարկվել է նաև նոր կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվության տարածումը և ճշգրիտ տեղեկության մատակարարման կարևորությունը: Նախարարն ընդգծել է` ստուգված տեղեկությունները կարևոր են խուճապային տրամադրությունների դեմ պայքարի գործում:

Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական առումով օգտակար լինել Իրանին, դեսպանն էլ իր հերթին առողջություն է մաղթել Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին և հույս հայտնել, որ այն կլինի միակ և վերջին դեպքը:

Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին ՀՀ կառավարության որոշումը կերկարաձգվի մինչև մարտի 24-ը ներառյալ: Կառավարության որոշմամբ նախատեսվում է նաև ԻԻՀ-ից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնողների (ՀՀ քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձ Իրան: