AM
4 Մարտ 2020 - 09:56 AMT

Երվանդ Զախարյանի քրհետապնդումը դադարեցվել է. Վաղեմության ժամկետն անցել էր

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց Հատուկ քննչկան ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Նկատի ունենալով, որ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմին և հայտնել, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՔԾ-ն որոշել է այդ հիմքով նրանց նկատմամբ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել»,- ասաց Օհանջանյանը:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ նշված անձինք կատարել են քրգործով իրենց մեղսագրվող արարքը:

Նախաքննությունը շարունակվում է` «Հաղթանակ» զբոսայգուն հարակից տարածքներում գտնվող առանձնատների կառուցման համար հողահատկացման իրավաչափությունը և մյուս հանգամանքները պարզելու համար:

«Այսինքն` նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, մոտ 2.9 մլրդ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10,000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով` 164.7 մլն ՀՀ դրամով, օտարվել է մասնավոր ընկերության»,- նշեցին ՀՔԾ-ից:

Օհանջանյանի խոսքով՝ որոշման օրինակն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` օտարված հիշյալ անշարժ գույքի գործարքներն առ ոչինչ ճանաչելու և գույքային միավորը պետության հաշվեկշիռ վերադարձնելու պետշահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով:

2019-ի սեպտեմբերին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Զախարյանին և Լալայանցին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: