ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության ու Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներն ու փոխհատուցել պատճառված վնասը, փոխանցում է Aysor.am-ը։
Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը հայտնել է, որ հայցի պատճառը հունվարի 30-ին «Լուրերի» գլխավոր թողարկման ժամանակ տեղ գտած ռեպորտաժն է, ըստ որի՝ Արամ Օրբելյանը 2018-ի մայիսից օգոստոս պարբերաբար, կարգի խախտմամբ, մուտք ու ելք է ունեցել Սահմանադրական դատարան:
«Հրապարակումից հետո պարոն Օրբելյանը դիմել է թե ԱԱԾ, թե Հանրային հեռուստաընկերություն՝ խնդրելով, որպեսզի տրամադրվեն տեղեկատվության սկզբնաղբյուրները, եթե դրանք կան, սակայն պատասխան, ըստ էության, չի ստացվել, որովհետև այդ մասով ոչ մի տեղեկություն չեն հայտնել, թե ով է սկզբնաղբյուրը, ինչպես է պարզվել մի բան, ինչն իրականում տեղի չի ունեցել»,- ասել է Նարինե Բեգլարյանը։
Փաստաբանը նշել է նաև, որ համաձայն օրենքի՝ վնասի փոխհատուցում են պահանջել յուրաքաչյուր պատասխանողից՝ օրենսդրությամբ նախատեսված առավելագույն չափով՝ 2 մլն դրամով։
Բեգլարյանի խոսքով՝ հեռուստաընկերությունը ներկայացրել է, թե տեղեկություն է ստացել ԱԱԾ-ից, սակայն Օրբելյանը դեռ նյութերը չի ստացել՝ հասկանալու համար, թե ԱԱԾ-ն այդ տեղեկությունն ինչպես է արձանագրել:






