AM
6 Մարտ 2020 - 11:04 AMT

ԲԿ. 13-ամյա աղջկա վիճակը ծանր է, արհեստական սարքով է շնչում

Գյումրիում տանը ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, նրա մոտ որովայնի սալջարդ կա, որովայնի փքվածություն, կյանքին վտանգ ներկայացնող գլխուղեղի սալջարդ, հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, փոխանցում է Factor.am-ը:

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան:

«Գյումրիում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո Երևան տեղափոխելիս երեխան ցածր ճնշման միտում է ունեցել, որը ճանապարհին շտկվել է: Հիմա զարկերակային ճնշումը, սրտի աշխատանքը նորմայի սահմաններում են, բայց շնչառությունը պահպանվում է արհեստական ապարատով»,- ասել է Չոբանյանը:

Երեխայի բուժման ընթացքը խիստ հսկողության տակ է:

«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանն ԱԺ-ում հայտնել էր, որ ծեծի ենթարկվելուց և 8 ժամ այդ վիճակում մնալուց հետո է միայն հայտնաբերվել չափահաս կնոջ դին և ծանր վնասվածքներով նրա 13 տարեկան աղջիկը: Պատգամավորը նշել էր, որ քրգործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով՝ անզգուշությամբ տուժողի մահն առաջացնելու համար: