AM
7 Մարտ 2020 - 08:01 AMT

Բաթոյան․ Գյումրիում ծեծված երեխային ոչ ոք չի այցելել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այցելել է Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա աղջկան, որն ընտանեկան բռնության է ենթարկվել, կորցրել մորը և պայքարում է կյանքի համար: Նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երեխային մինչև այս ոչ ոք չի այցելել։

«Հերթապահ բժշկի խոսքով երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Շնչառական սարքեր են միացված, բայց շնչում է ինքնուրույն: Բժշկուհին վստահեցրեց, որ այս պահին որևէ հավելյալ միջոցի կարիք չկա: Իմ հարցին, թե ունեն արդյոք հոգեբան, հավաստիացրեց, որ ունեն և հենց որ երեխան շոկային վիճակից դուրս գա, կստանա նաև հոգեբանական աջակցություն:

Հիշեցնեմ, որ երեխան նախկինում չի հանդիսացել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ որևէ գիշերօթիկի հաստատության սան: Բուժանձնակազմը հաստատեց, որ մինչ այժմ այցելու չի ունեցել»,- ասվում է գրառման մեջ։

Նախարարը նշել է նաև, որ նախարարությունը, ինչպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մյուս բոլոր երեխաների դեպքում, բոլոր իրավասու կառույցների հետ գործակցությամբ կապահովի աղջկա խնամքի կազմակերպումը: