AM
7 Մարտ 2020 - 09:04 AMT

Օպերայի հարակից տարածքի վերականգնման ու բարեկարգման մրցույթ կհայտարարվի

Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի՝ Մեսրոպ Մաշտոց և Սայաթ-Նովա պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու վերականգնման ու բարեկարգման մրցույթ կանցկացվի: Քաղաքապետարանի կողմից մրցույթի կազմակերպման որոշման կանոնակարգն արդեն ներկայացվել է, ժամկետները կհստակեցվեն դրա ընդունումից հետո:

Նախատեսվում է, որ հրապարակային մրցույթին ներկայացված առաջարկներից լավագույնին կընտրի 10 հոգուց բաղկացած հանձնաժողովը, որի կազմում են նաև քաղքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Յուրաքանչյուր առաջարկ գնահատվելու է 10 բալային համակարգով, հանձնաժողովի կողմից հաղթող կճանաչվի առավելագույն միավոր հավաքած մասնակիցը՝ ստանալով 3 մլն դրամ:

Մրցույթի արդյունքների ամփոփմամբ հնարավորություն կլինի բազմակողմ և առավել լայն շրջանակնների մասնակցությամբ ձևավորել առաջադրանքը, և դրա օգնությամբ մշակել այն նախագիծը, որի հիման վրա կիրականացվեն նշված հատվածի (ներառյալ «Կարապի լիճ») վերականգնման ու բարեկարգման, քաղաքային նշանակության հանգստի գոտու գրավիչ միջավայրի ստեղծման շինաշխատանքները:

Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական անձիք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, ինչպես նաև իրավաբանական անձիք՝ ճարտարապետական նախագծային կազմակերպություններ: Մրցույթը բաց է և անցկացվելու է մեկ փուլով: