Եթե պետությունն անձի բնակարանային հարցով պարտավորություն չունի, վերջինս պետք է մի բան ձեռնարկի, սեփական տունը կառուցի, իսկ մեկ առողջ տղամարդը մյուսին չի դիմի՝ իր տան հարցը լոծելու համար, «Այո»-ի քարոզարշավի ընթացքում տան խնդրով իրեն մոտեցած տղամարդու հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոտքդ, ձեռքդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես: Քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես: Պիտի աշխատես և լուծես: Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ»… ես էլ տուն չունեմ, որտեղի՞ց եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Հիմա ասում ենք՝ ճանապարհ ենք կառուցել, զբոսաշրջիկների տարեկան 14% աճ ենք ունեցել, 40% ներգնա զբոսաշրջության աճ ենք գրանցել: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու»,- ասել է նա:
Փաշինյանը հիշեցրել է նաև որ երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկի, եկամտահարկի վերադարձի ծրագրեր կան:
«Առողջ տղամարդը կգա՞ ուրիշ առողջ տղամարդու կասի իմ տան հարցը լուծիր, իմ հացի հարցը լուծիր: Բա մեր հացի հարցը ո՞վ է լուծել: Չեմ ասում` պալատներ եմ սարքել, բայց Երրորդ մասում 3 սենյականոց բնակարան եմ ինձ համար ստեղծել»,- ասել է Փաշինյանը:
Ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավ է իրականացնում՝ շրջելով Երևանում և ՀՀ մարզերում: Մարտի 7-ին Փաշինյանը Լոռիում է:






