AM
11 Մարտ 2020 - 07:03 AMT

Բալասանյան. Ծեծվելով սպանված կնոջը կթաղի Գյումրու քաղաքապետարանը՝ հարզատները հրաժարվել են

28-ամյա ընկերոջ կողմից ծեծվելով սպանված 43-ամյա կնոջը մարտի 11-ին կհուղարկավորի Գյումրու քաղաքապետարանը, քանի որ հարազատները հրաժարվել են, հայտնել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել էր:

Բալասանյանի խոսքով՝ կնոջ դուստրը երկկողմանի ծնողազուրկ է և խնամակալության կարիք ունի, կինն ունի նաև որդի, որը շուտով չափահաս կդառնա, փոխանցում է Aravot.am-ը:

«Ճիշտն ասած` այս պահին մարդիկ կան, որոնք ուզում են դառնալ խնամակալ, բայց տեսնենք` ինչպիսի ընթացք կունենա։ Այսինքն` առաջին քայլը քաղաքապետարանի կողմից արդեն հանձնաժողովով կատարված է, իրենց ճանաչել են որպես խնամակալության կարիք ունեցող երեխաներ։ Ինձ ասացին՝ կան մարդիկ, որոնք զանգել են, հետաքրքրվել, ուզում են դառնալ խնամակալներ: Հիմա պատրաստվում ենք հուղարկավորել այդ կնոջը, որովհետև բոլոր հարազատները հրաժարվեցին, բայց մենք ունեն նման ծառայություն, անպայման կկազմակերպենք այդ կնոջ թաղումը։ Հիմա բարեկամների հետ ենք խորհրդակցում, թե որ գերեզմանատանը հուղարկավորենք. եթե չէ, մենք տեղ ունենք` կտանենք, կթաղենք»,- ասել է Բալասանյանը:

Գյումրու քաղաքապետը ողջունել է քաղաքում ընդդեմ բռնության կազմակերպված երթը՝ նշելով, որ դաժան բռնության դեպքերն ազդում են բնականոն կյանքի վրա:

Մարտի 9-ին Գյումրիում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ ակցիա են իրականացրել՝ «Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը» կարգախոսով: Քայլերթի մասնակիցները կոչ են արել չլռել բռնության դեպքերի մասին:

«Փաստն այն է, որ ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանի Հանրապետությունում շատ նման դեպքեր կան, դրանք բնականաբար, դատապարտելի են։ Ես բռնություnը դատապարտել եմ, երբ դեռ Ազգային ժողովի պատգամավոր էի»,- ասել է նա:

13-ամյա աղջիկն ավելի վաղ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գիտակցության էր եկել, բայց, չնայած դրան՝ վիճակը դեռ ծանր է: