AM
11 Մարտ 2020 - 07:58 AMT

Պատվիրված սպանության դեպք է բացահայտվել. Եվս 5 հոգու սպանության պատրաստումը կանխվել է

Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու փորձ՝ խափանելով նախօրոք պլանավորված սպանությունները: Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սպանություններ նախապատրաստող 2 անձը վնասազերծվել, ձերբակալվել և կալանավորվել են։

ԱԱԾ-ն տվյալներ է ստացվել ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։

Պարզվել է, որ Երևանի բնակիչներից մեկը պատվերով՝ $190.000 վարձատրության դիմաց, ստանձնել է կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու սպանությունը: Նա սպանության շուրջ նախնական համաձայնության է եկել ծանոթի հետ՝ խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո, և սպանության համար տրամադրել ատրճանակ, 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև $1000 ընթացիկ ծախսերի համար։

Կատարողը 2014-ի հունիսին Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակել է թիրախավորված անձի ուղղությամբ՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ։ Ըստ ԱԱԾ-ի՝ պատվիրատում ցուցում է տվել վերահսկել տուժողի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել սպանությունը։

Պատվիրվել է ևս 5 քաղաքացու վերահսկել և սպանություն նախապատրաստել: Այդ գործողության համար կազմակերպիչը կատարողի համար Երևանում վարձակալել է բնակարան, տրամադրել մեքենա, քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պիտույքներ, զենք, որոնք մինչև 2020-ի փետրվարի վերջ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են վարձակալած բնակարանում։

Սպանությունների նախապատրաստման փուլում կազմակերպիչն իր լուսանկարով, սակայն այլ անձի տվյալներով ՌԴ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրի օգտագործմամբ երկու անգամ հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։

Ըստ ԱԱԾ-ի՝ թիրախավորված անձանց դիակները նախապատրաստվող սպանությունից հետո հուղարկավորելու և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, կազմակերպիչը կատարողի հետ քննարկել և ընտրել է համապատասխան վայրեր ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, սակայն նպատակին չի հասել, քանի որ նրա գործողությունները խափանել են իրավապահները: