AM
12 Մարտ 2020 - 07:57 AMT

Թորոսյան. Կորոնավիրուսով վարակվածների հետ շփված 10 անձ մեկուսացվել է, էլի մարդիկ կարող են մեկուսացվել

ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 դեպք կա, նրանցից միայն մեկն ունի գանգատներ, բուժում է ստանում, Կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ վարակակիրների հետ շփված 10 անձ մեկուսացվել է հատուկ վայրում՝ կարանտինում գտնվող մյուս 31 հոգու հետ միասին:

Մարտի 11-ին հայտարարվել էր, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք կա: Վարակակիրները վերադարձել էին Իտալիայից. նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի, սակայն աշխատում է ՀՀ-ում:

Թորոսյանը նշել է, որ մյուս երեք վարակվածը որևէ բուժում չեն ստանում:

«Իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ մեծ թվով մարդկանց: Հնարավոր է՝ նրանց միջից օրվա ընթացքում էլի մարդիկ մեկուսացվեն հատուկ պահման վայրում (հավանաբար, խոսքը «Գոլդեն Փելես» հյուրանոցի մասին է,- խմբ.)»,- ասել է նա:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարել է, որ կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմից դեպի Երևան չարտերային մեկ թռիչք կլինի:

Կառավարության նիստում նշվել է նաև, որ օդանավակայանում հսկողությունը խստացվել է և բոլոր ուղևորները մարտի 11-ից լրացնում են հասցեական քարտեր:

Ընդհանուր առմամբ՝ լրացվել է 6300 հասեցական քարտ: Նշվեց նաև, որ հունվարի 24-ից էլ լրացված 3841 քարտ կա, որոնք միայն ռիսկային գոտիներից վերադարձած քաղաքացիներինն են:

ՀՀ ԱՆ-ից հայտնել են, որ կորոնավիրուսով վարակված բոլոր պացիենտներն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես: