Armenia ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի:
«Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: «Արմենիա» ավիաընկերության համար առաջնայինն իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին»,- նշել է Խաչատրյանը:
Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ բոլոր չվերթերը չեղարկվում են մինչև ապրիլի 16-ը:
Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ բոլոր չվերթերը չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։






