AM
12 Մարտ 2020 - 10:37 AMT

Գյումրիում ծեծված աղջկա վիճակը կայուն է, նա կարողանում է խոսել

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,- գրել է նա:

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել էր: