AM
13 Մարտ 2020 - 14:01 AMT

Ադրբեջանցիները գնդացրով կրակել են Իջևանի դիրքերի ուղղությամբ

Մարտի 13-ին՝ ժամը 12-12։30-ի սահմաններում, հակառակորդը գնդացրով կրակ է վարել Իջևանի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարը։

Կրակոցների հետևանքով որևէ վնաս չի պատճառվել, տուժածներ չկան: Տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը:

Մամուլի խոսնակը հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ: Նրա խոսքով` հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո:

Մարտի 10-ին հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Սիանոսյանը:

Մարտի 5-6-ին ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները մեծ տրամաչափի գնդացիրներից կրակել են Տավուշի ուղղությամբ: