AM
14 Մարտ 2020 - 07:06 AMT

Հակաքաղցկեղային բուժում ստացողներին խորհուրդ է տրվում առավել զգույշ լինել

Հակաքաղցկեղային բուժում ստացող հիվանդներին խորհուրդ է տրվում առավել մեծ զգուշություն ցուցաբերել երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի հաստաման ֆոնին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է առողջապահության նախարարության Ուռուցքաբանության գծով խորհրդատու, Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը։

Նման հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել հասարակական վայրեր այցելելուց, համբուրվելուց, այլ երկրներից ժամանածների հետ շփումներից։

«Պահպանել հիգիենայի կանոնները և հաճախակի լվացվել։ Ջերմության կամ այլ սիմպտոմների առկայության դեպքում չստանալ քիմիաթերպիայի կամ ճառագայթային թերապիայի հերթական կուրսը՝ թաքցնելով գանգատները։ Բարձր ջերմություն, հազ, հևոց և այլ գանգատների դեպքում դիմել բուժող բժշկին և առողջապահության նախարարության թեժ գծին 8003 համարով»,-ասվում է գրառման մեջ։

Մարտի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 13 հաստատված դեպք կա ՀՀ-ում: էջմիածնից մոտ 100 քաղաքացու են մեկուսացրել` վիրուսի կասկածանքով։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 140,000-ի, ապաքինվել է ավելի քան 70,000 մարդ։ ԱՀԿ-ն կորոնավիրուսի համաճարակը պանդեմիա է ճանաչել։

Կարդացեք նաև` Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից