AM
14 Մարտ 2020 - 08:15 AMT

Բավրայում ջերմող օտարերկրացի 2 վարորդ է մեկուսացվել

Մարտի 13-ին բեռնատարի երկու օտարերկրացի վարորդի մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը` հավելելով, որ նրանք մեկուսացվել են։

«Ընթացակարգերի համաձայն` նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ից` առավոտյան ժամը 08:00-ից սկսած, 10 օրով ժամանակավորապես երկկողմանի կասեցնել երկու երկրի միջև քաղաքացիների տեղաշարժը։

Միաժամանակ, երկու երկիրը կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքն իրենց երկիր։

Սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա, չեն տարածվում` բեռնափոխադրումների:

Հայաստանում մարտի 13-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 8 դեպք կա, Վրաստանում` 25:

Կարդացեք նաև` Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից