Մարտի 1-ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում, առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման հարցը։
PanARMENIAN.Net-ի հարցին ի պատասխան հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցան»,- նշեց նա:
Վահագն Հարությունյանը գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրօրենսգրքի 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
ՀՀ-ում Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018-ի հոկտեմբերին: Դատարանը, սակայն, մերժել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը:






