AM
15 Մարտ 2020 - 13:49 AMT

Մայր աթոռ. Կիրակնօրյա պատարագի համար հոգևոր հովիվներին «տրված են անհրաժեշտ թելադրություններ»

Կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման համար թեմակալ առաջնորդների միջոցով հոգևոր հովիվներին «տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ», հայտարարել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Նա արձագանքել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հանրային միջոցառումները սահմանափակելու մասին հարցումներին:

«Այսօր Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում մեր հոգևորականներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջ և անվտանգ կյանքի համար՝ իրենց հորդորը բերելով ներկաներին պատասխանատվությամբ մոտենալ պատկան մարմինների կողմից տրվող ցուցումներին»,- ասված է հայտարարության մեջ:

Վահրամ քահանա Մելիքյանը նշել է, որ Մայր աթոռում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր աթոռի թանգարանների գործունեությունը:

Նա նաև նշել է, որ իրավիճակից ելնելով` Մայր աթոռում Վեհափառի նախագահությամբ մարտի 16-ին գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը ևս ասաց, որ բացի պատարագներից, Հայ առաքելական եկեղեցում մյուս բոլոր միջոցառումները՝ մշակութային, քարոզխոսություն և այլն դադարեցված են:

«Իսկ առհասրակ, բոլոր արարողությունների մասնակցությունը ոչ մեկի համար պարտադրված չէ և մարդիկ երբևէ պարտադրված չեն եղել մասնակցելու որևէ արարողության, կարծում եմ սա հայտնի փաստ է ու այդպես եղել է միշտ»,- ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ էր արել քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։

Նախարարը հիշեցրել էր, որ Հարավային Կորեայում և Իրանում կորոնավիրուսային վարակը մեծ տարածում էր ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։

Մարտի 13-ին Գարեգին Բ-ն և Հայաստանի եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ՀՀ-ում եկեղեցիները շարունակելու են գործել: Հայտարարությամբ նաև կոչ էր արվում «հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները»: ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը մի քանի օր է՝ հորդորում են խուսափել շփումներից, խուսափել հանրային վայրեր և միջոցառումների մասնակցելուց:

Կարդացեք նաև. ՀՀ-ում եկեղեցական միջոցառումները չեն սահմանափակվի. Մայր Աթոռը հորդորում է զգոն լինել

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից