Հռոմից հայերին ՀՀ տեղափոխող ինքնաթիռի չվերթը կկայանա մարտի 15-ին` ժամը 21:30-ին, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն անվտանգության միջոցառումները: Միանգամից ՀՀ հասելուն պես մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում: Ես նաև տեղյակ եմ, որ որոշ քաղաքացիներ, իմանալով 14-օրյա կարանտինի մասին, փորձել են այլ ճանապարհներով վերադառնալ ՀՀ»,- ասել է Ավինյանը՝ նշելով, որ 14-օրյա կարանտինը վերաբերում է բոլորին՝ անկախ չվերթից:
Նա նաև հայտնել է, որ Էջմիածնում մարդաշատ միջոցառումները, այդ թվում՝ հարսանիք, նշանդրեք, կնունք, չեղարկվել են: Հազվագյուտ միջոցառումներին, որոնք անցկացվել են, ներկա են եղել նաև առողջապահության նախարարության և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ, ովքեր ջերմաչափում են արել, զգուշացրել սոցիալական հեռավորության մասին:
Ավինյանը հիշեցրել է, որ պետական գերատեսչություններին հանձնարարվել է մոտակա 10 օրում աշխատակիցների մի մասին աշխատանքը կազմակերպել հեռահար։ Խոսքը հատկապես 60+ տարիքի քաղաքացիների, հղի կանանց և բազմազավակ մայրերի մասին է:
Փոխվարչապետը հեռահար աշխատելու կոչ է արել նաև մասնավոր ընկերություններին:
«Որքան նվազ լինեն մարդկային շփումները, այնքան համաճարակի առումով դա կանխարգելիչ հետևանքներ կունենա»,- ասել է Ավինյանը՝ հորդորելով օգտվել թվայնացված ծառայություններից:
Փոխվարչապետը նշել է, որ համաճարակի տարածումն էական ազդեցություն է ունեցել ծառայությունների մատուցման ոլորտի վրա, սակայն կառավարությունը նախատեսում է կարճ ժամանակահատվածում ծրագիր ունենալ՝ բացասական երևույթները մեղմելու համար:
ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 26 դեպք կա: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի:
Տես նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից






